BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ԵԽԽՎ. Օր երրորդ, որտե՞ղ են հայ պատվիրակները

ԵԽԽՎ. Օր երրորդ, որտե՞ղ են հայ պատվիրակները
26.01.2017 | 13:58

ԵԽԽՎ նստաշրջանի երրորդ օրվա` հունվարի 25-ի առաջին նիստը վարում էր ԵԽԽՎ և ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Առավոտյան նիստում միացյալ քննարկվում էին երկու զեկույցներ՝ իտալացի պատվիրակ Ադել Գամբարոյի և թուրք պատվիրակ Յուլսուն Բիլգեհանի: Երկուսն էլ վերաբերում էին էլեկտրոնային մամուլի ազատության և կիբեռհարձակումներից պաշտպանվածության հարցերին: ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին խնդրեցի ներկայացնել քննարկումները.


-ԵԽԽՎ այս նստաշրջանի օրակարգն առանձնանում է զանգվածային լրատվամիջոցներին վերաբերող խնդիրներին հատկացվող մեծ ուշադրությամբ: Այսօրվա զեկույցները ևս ուղղված էին ազատ մամուլի և լրագրողների իրավունքների պաշտպանվածությանը՝ էլեկտրոնային մամուլում ու սոցիալական ցանցերում, խոսքի ազատության հարցերին: Բազում ելույթներ եղան, ԵԽԽՎ երկու հանձնաժողովներ տվել էին լրացուցիչ կարծիքներ՝ լրատվամիջոցների նկատմամբ ուշադրության և պաշտպանվածության քայլերի վերաբերյալ: Ելույթներում հատկապես կարևորվում էր սոցցանցերի պաշտպանվածությունը ատելության, վախի, ահաբեկչության, բռնությունների և այլ բացասական երևույթների տարածման դեմ ձեռնարկվելիք քայլերի, ձևերի ու մեխանիզմների առումով: Սա նուրբ թեմա է, որովհետև այս պայքարը սահմանակցում է ազատ խոսքի հնարավոր սահմանափակմանը: Բազմաթիվ պատվիրակներ բարձրաձայնում էին այդ մտահոգությունը, որովհետև այդ երևույթները հատկապես ավերիչ ներգործություն են ունենում երիտասարդների ու երեխաների վրա: Պետք է գտնել բանաձև, որը թույլ կտա կանոնակարգել ու պաշտպանել ոլորտը բացասական դրսևորումներից և չխոչընդոտել խոսքի ազատությունը: Օրվա երկրորդ կեսը նվիրված էր ՈՒկրաինայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը, որին վերաբերող զեկույցը ևս մեծ արձագանք ունեցավ: Համազեկուցողներ՝ Գերմանիայի պատվիրակության ղեկավար Աքսել Ֆիշերը և Իսպանիայի պատվիրակության անդամ Ջորդի Խուբլաևկոստան, բավական երկար ժամանակ են հետևում ժողովրդավարական զարգացումներին, նրանց զեկույցի վերաբերյալ գործընկերների կողմից արվել էին 25-ից ավելի փոփոխություններ: ԵԽԽՎ-ում կան երկրներ, որ կոնֆլիկտային իրավիճակներով են փորձում բացատրել ժողովրդավարական ինստիտուտների գործունեության սահմանափակումները և ժողովրդավարության նահանջը: ԵԽԽՎ-ում այս կարգի խորացած քննարկումները վկայում են՝ վաղուց ժամանակն է, որ ժողովրդավարության հաստատման ճանապարհին լուրջ փոփոխություններ լինեն ՈՒկրաինայում՝ մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքական ինստիտուտների, ընդդիմության, փոքրամասնությունների իրավունքների, բարեփոխումների ընթացքի վերաբերյալ: Հարցեր և առաջարկներ հնչեցին Մայդանի իրադարձությունների ժամանակ զոհվածների, Օդեսայի հայտնի հրկիզման դեպքի հետաքննության հապաղման պատճառների և այլ իրողությունների վերաբերյալ: Ի վերջո՝ զեկույցն ընդունվեց՝ գնահատելով որոշակի առաջադիմություն և նորանոր խնդիրներ նշելով:
-Ինչո՞ւ ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության երկու անդամներ՝ ԲՀԿ-ականներ Միքայել Մելքումյանը և Նաիրա Զոհրաբյանը, աշխատանքային երրորդ օրվան չէին մասնակցում:
-Նրանք վերադարձել են Երևան, որտեղ, բոլորս էլ հասկանում ենք, նախընտրական շրջանը սկսվել է և քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրությունների:
-Թերևս այդ պատճառո՞վ Լևոն Զուրաբյանն ու Մհեր Շահգելդյանը Ստրասբուրգ չեկան: Չի՞ ստացվում, որ Հայաստանի առանց այդ էլ փոքրաթիվ պատվիրակության կեսը լքում է պայքարի դաշտը այն պահին, երբ իրենց ներկայության և գործունեության կարիքը կա, եթե նկատի ունենանք ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգը:
-Իհարկե, յուրաքանչյուրին էլ պարզ է, որ դժվար է կրճատված կազմով աշխատել, պատվիրակության ամեն անդամ իր կարևոր ներդրումն ունի ընդհանուր աշխատանքի մեջ: Իբրև պատվիրակության ղեկավար՝ աշխատում եմ, որ ներկա պատվիրակների ջանքերով հնարավորն անենք ու հասցնենք թե լիագումար նիստին, թե հանձնաժողովների աշխատանքներին մասնակցել, թե հանդիպումներ ունենալ:
-Հասցնո՞ւմ եք:
-Դե Հայաստանի պատվիրակությունը փոքրաթիվ է և մեր պատվիրակներից յուրաքանչյուրի բացակայությունը նկատելի է: Ընթացիկ աշխատանքներում դա արտահայտվում է նրանով, որ, օրինակ, յուրաքանչյուրս անդամակցում ենք մի քանի հանձնաժողովների՝ երկու, երբեմն էլ երեք: Այդ հանձնաժողովների նիստերը, հատկապես նստաշրջանի օրերին, ժամանակի մեջ համընկնում են և նույն մարդը հաճախ ստիպված է մասնակցել 2 կամ 3 հանձնաժողովների համաժամանակյա նիստերի: Այդ դեպքերում առաջնորդվում ենք օրակարգով՝ որտեղ առավել կարևոր, մեզ վերաբերող հարց, կամ ինչ-որ ձևով մեզ առնչվելու հնարավորություն կարող է լինել, մասնակցում ենք այդ նիստին: Մեր «հայտնի հարևանի» բնավորությունն է՝ որտեղ մի աննշան հնարավորություն լինի կամ մեզնից մարդ չլինի, փորձեն պրոբլեմ սարքել, առիթը բաց չեն թողնում: Իսկ երեկ շատ կարևոր քննարկում էր կազմակերպվել ԵԽԽՎ Կանոնակարգի հանձնաժողովում կոռուպցիոն սկանդալների թեմայով, որ կան կառույցում և դրանց դեմ պայքարի մեխանիզմների վերաբերյալ: Ամիսներ առաջ մենք մի խումբ պատգամավորներով զեկույցի առաջարկ էինք ներկայացրել այս հարցով: Եվ այսօր արդեն Կանոնակարգի հանձնաժողովում աշխատանքներ են կատարվում` զեկույց է պատրաստվում, փորձագետներ են հրավիրվում քննարկումների համար: Իտալացի նախկին պատվիրակ Լուկա Վոլոնտեին վերաբերող վերջին բացահայտումների հիման վրա Շվեյցարիայի պատվիրակությունը հանդես է եկել նամակով և հատուկ ուսումնասիրության պահանջ ներկայացրել: Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում էին ԳՌԵԿՕ-ի ներկայացուցիչները, կազմակերպություն, որ զբաղվում է կոռուպցիայի դեմ պայքարով. մեխանիզմների ուժեղացմամբ: Այս քննարկումներում հաստատվում է, որ փաստացի ԵԽԽՎ-ում գործող հակակոռուպցիոն մեխանիզմները՝ ստացած նվերների հայտարարագրումը, շահերի բախման մասին հայտարարությունները և այլն, թույլ են և պատշաճ վերահսկողության չեն ենթարկվում, որը հանգեցնում է ԵԽԽՎ հեղինակությունը ստվերող անցանկալի երևույթների:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1056

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ